Դեպի Կիլիկիա
Շոգենավը կտաներ մեզ դեպի Կիլիկիո նավահանգիստը, և այն վերջին գիշերը որ կանցկացնենք Միջերկրականի մեջ, զիս արհավիրքով, կանխակալ սարսափով կլցներ: Հետզհետե քանի կմոտենայինք աղետի սեմին, իրականությունը կխուսափեր կարծես իմ հասկացողութենես ու չէինք կարող անկեղծորեն հավատալ, թե վաղն առավոտ Մերսին պիտի հասնինք. Ադանա… Կիլիկիա…: Շաբաթներե ի վեր այդ անունները կկարդային մեր ուղեղին մեկ անկյունը, հոն՝ արյունոտ վերք մը կար, որու դպչիլը ցավագին սարսուռով մը կցնցեր էությունդ:
Գաղջ և հեշտավետ մթնոլորտ մը կպարուրեր մեզ. աստղազարդ երկնքի տակ Միջերկրականը կվետվետեր իր մութ կապույտ ալիքներով, որոնք մեղմորեն կօրորեին շոգենավն առանց զայն ցնցելու: Բնության պայծառ և անհեղլի գեղեցկության ու մեր միտքերը տանջող մտածումներուն մեջ այնպիսի հակասություն մը կար, որ տպավորություններս կերթևեկեին մեկեն մյուսը՝ առանց պահ մը կանգ առնելու, և ասիկա այնքան հոգնեցուցիչ կդառնար, որ գրեթե ֆիզիկական ցավ կպատճառեր:
Աղետին կուրծքին մեջ իսկ մխրճվելու գաղափարը տխրագին անհամբերություն մը կպատճառեր մեզի ու թեև լուռ, կպտտեինք մինչև ուշ ատեն շոգենավին կամրջակին վրա՝ առանց իրարու մեր զգացումները հաղորդելու՝ համոզված էի, որ նույն տենդոտ հետաքրքրությունը գրաված էր ամենուն միտքերը: Հոն կային թուրքեր ու հայեր. Պատրիարքական երկրորդ պատվիրակությունը և պատերազմական Բ Ատյանի անդամները կճամփորդեին նույն շոգենավով. կային նաև վնասված վաճառականներ, արկածյալներու ազգականներ, որոնք ավերակներու վրա կփութային աչքովնին հաստատելու համեմատությունը:
Մինչև ուշ ատեն մնացինք կամրջակին վրա: Կեսգիշերն անցած էր: Վարը՝ երրորդներու վրաններեն երբեմն կլսվեին սրտագին հառաչանքներ, վերը շոգենավին լուսավորության ծառայող լապտերներու տժգույն ցոլքին մեջ կտեսնվեր երբեմն հայ կրոնավորի մը սև գտակը․ զինվորականներ խմբովին կպտտեին, ու երբ ինծի կմոտիկնային՝ կցկտուր բառեր կհասնեին ականջիս.
― Քանի Մերսինի կմոտիկնանք, սիրտ կայրի անբացատրելի ցավով մը:
Վարեն՝ ճամփորդի մը հառաչանքը կարծես կպատասխաներ այս խորհրդածության:
Երբ առանձնացա իմ խցիկիս մեջ, հետզհետե ավելի ուժգնությամբ վաղվան հայտնվելիք իրականության դողովը պաշարվեցա: Կարծես մինչև այն ատեն ինծի անծանոթ լույսով մը բոցավառված էր իմ ներքին էությունս, որ փոխանակ պայծառությամբ երևան բերելու և ձևակերպելու բոլոր մտածումներս, ընդհակառակը, միգապատ շփոթության մը մեջ կխառնակեր զանոնք, ու բոլոր այս տենդագին տրտմության մեջ մեկ պատկեր մը թեև պատառոտուն՝ բայց համառորեն կվերադառնար հիշողությանս:
Երկու ամիս առաջ, Կարմիր Խաչի ընկերուհիներ և ընկերներ կմեկնեին Կալաթաեն: Առաջինները…: Հարատև անձրև մը կուլար քաղաքին վրա: Ստամբուլը ծածկված էր գորշագույն և խոնավ մեգի մը մեջ և անսահմանելի տխրություն մը կարտաշնչվեր ամեն բանե. մեր ետևը քարափի սրճարաններեն տարփավետ և մելամաղձոտ երգեր կերկերաձայն կբարձրանային՝ ցավի ուժգին և հեծեծող աղաղակներու պես: Ամենքս ալ տժգույն էինք մեռելներու նման և իզուր կջանայինք ժպտիլ մեկնողներուն: Նավակը կբացվեր… մայր մը կար հոն, ճակատը կճերմկեր հետզհետե հեռավորության մեջ, ու մեր քով իր դեռատի աղջիկը ջղաձգորեն կժպտեր՝ ուզելով ծածկել իր մատղաշ հոգիին բոլոր չարչարանքը: Այդ դարչագույն մեգին մեջ ճերմկող և անհետացող մոր ճակատը, այդ քարափի սրճարաններեն դուրս խուժող հեծեծագին եղանակները, անձրևին մրմունջն անգութ և հեշտավետ ոստանին վրա, իրարու հետ խառնված այնպիսի զգացումով մը կվերացնեին հոգիս, որ գլխու պտույտ կպատճառեր ու ծունկներս կթոտեին: Վերադարձին ամենքս ալ մտամփոփ և տրտում էինք, ու ես կտեսնեի կարմիր մղձավանջի մը մեջ հրդեհված քաղաքը, հեռավոր փախստականները, սգավոր և նախատված աղջիկները, ու կախաղաններ, կախաղաննե՜ր…
Ու ինչ-որ հեռավոր մղձավանջ մըն էր այն օրը, այսօր, քանի մը ժամ ետքը, իմ մթնոլորտս պիտի կազմեր…
Շոգենավը կկենար: Անմիջապես բարձրացա կամրջակին վրա: Կկարծեի, թե առաջինը պիտի ըլլամ, բոլորն ալ հոն էին սակայն: Հիվանդագին տժգնություն մը կար ամենուն դեմքերուն վրա ու քնատութենե մարած աչքեր կզգուշանային իրարու հանդիպելու: Զինվորականները խումբ մը կկազմեին մեկ կողմ ու երկա՜ր, վհատած աչքերով կնայեին Մերսինի վրա: Պատվիրակության կրոնավոր անդամներեն մեկը, իր սև թավիշե գտակին ներքև ճերմկած դեմքը կդարձներ Կիլիկիո, ու վշտագին ծամածռությունները կխորշոմեին զինքը:
Նույն միջոցին նավեր կփութային դեպի մեզ, զինվորականները կաճապարեին իջնալու. խուսափուկ նայվածքներով կանցնեին մեր դիմացեն ու տխրությամբ ու արագորեն կբարևեին, քայլերնին անհաստատ էր ու կարծես շվարած, սուրերուն ձայնը կքաշքշեր գետնին վրա: Այդ րոպեին դժվար էր որոշել որ իրե՛՞նք թե մենք ավելի դժբախտ կզգայինք ինքզինքնիս:
Մերսին մեր դիմացն էր: Տափարակ և կապտորակ հողի տարածությունը կհեռանար մինչև մշուշապատ լեռներու շղթան, արարչալույսին գույներու բազմազան երանգավորում մը կծածաներ հույլորեն այդ գեղջկական պարզության վրա: Անգամ մըն ալ աղետին մղձավանջը կհեռանար իմ մտքես և կուզեի ժպտիլ այդ արեգնավետ երկնքին…: Բայց ահավասիկ պատվիրակությանը պատրաստ կսպասեր, և նավերը կմոտիկնային. անձկալի ու մռայլ դեմքեր կնայեին մեզի, կորոնեին ու ամեն բան կմթներ իմ մեջս…: Կրոնականները, հանդիսավոր և ծանր երևույթով, կարծես հուղարկավորության մը կպատրաստվեին: Մեր ամենուս տժգնությունը կավելնար, սիրտս բռնված էր անսահման վշտի մը մեջ ու երակներս կսառեին կարծես:
Եկեր էին մեզի դիմավորելու անոնք, որ տեսած էին ամեն բան… հրդեհե, սուրե փախած էին ոմանք, իրենց աչքերուն մեջ բոցերուն ելևէջը կպարեր, ու հիշատակներու դառնությունը շփոթ արագություն մը կուտար իրենց խոսքերուն…: Այդ քանի մը վայրկյանին մեջ շատ բան պատմեցին ու շատ բան ըսին մեզի, ու հակառակ մեր անսահման հուսահատության՝ մեր խոսքերն անիմաստ լավատեսությամբ մը լեցուն կթվեին իրենց: Գլուխնին կշարժեին ու կըսեին.
- Ինչպես հայտնի է, որ դեռ շոգենավին վրա կգտնվիք:
Երբ Մերսին ոտք դրինք, տպավորությունս շատ որոշ էր: Կարծես մեռելի մը տան սեմեն ներս կմտնեինք, մարդիկ մեզ կընդունեին լռին տխրությունով մը. ձեռքերնիս կսեղմեին ու կանցնեին, ու դեռ ո՞վ գիտե ի՞նչ մը կար օտարոտի մեր վրա, որ հաղորդակցության չէին մտնար ու ամրապնդված իրենց վշտին մեջ՝ մեկ կողմ կկենային ու կնայեին մեզի արցունքոտ աչքերով:
Պանդոկը, ուր իջևանեցանք, լեցուն էր ամեն աստիճանե փախստականներով. հոն գտանք նաև Վեհափառը, որուն ներկայացանք անմիջապես: Ամբողջ օրը կարծես մղձավանջային երազի մը մեջեն տեսա անցուդարձը սևազգեստ կիներու - աոաջին զոհերեն մեկուն ընտանիքի անդամները - ու լաց ու կոծն արկածյալներու, որբերու և այրիներու, որոնց վիշտը կհրահրվեր մեր երևույթեն:
Հետևյալ օրը պիտի մեկնեինք Ադանա՜… պիտի ըլայինք ավերակներու մեջ. խելահեղորեն կմտածեի այդ բանին ու այն գիշերն ալ անքուն ու սրտատրոփ հսկեցի վշտիս վրա:
Հիշերը զով էր, ծովին լայն տարածութենեն խոնավությունը կբարձրանար, կսավառներ քնած քաղաքին վրա: Ալիքներուն մռնչյունը կօրորեր իմ մտահոգությունս, մինչ անընդհատ, ամրաքայլ ուղտերու քարավաններ կանցնեին ճամփուն վրայեն՝ իրենց ելևէջող շարժումները նշանակելով բոժոժներու հնչյուններով։
Ավերակներուն մեջ
Վեհանձն ու շլացուցիչ արևին տակ կտարածվի քանդված քաղաքը՝ անծայրածիր գերեզմանի մը պես. ավերա՜կ ամեն կողմ…: Բան մը չէ խնայված, բոլոր եկեղեցիները, բոլոր դպրոցները ու բոլոր բնակարանները անձև ու խանձված քարի կույտերու վերածված են, որոնց մեջեն ասդին - անդին շենքերու կմախքները կցցվին: Արևելքեն մինչև արևմուտք ու հյուսիսեն մինչև հարավ, մինչև հեռավոր սահմանները թուրք թաղերուն, աններող և դաժան ատելությունը հրդեհեր ու փչացուցեր է ամեն բան: Ու այս մեռելային ամայության, այս ընդարձակածավալ մոխրակույտերու մեջեն երկու մինարեներ անեդծ մնացած՝ կկանգնին խրոխտությամբ:
Արյունոտ և արցունքոտ ցնցոտիներով ծածկված այրիներու, որբերու և ծերերու ամբոխ մը կներկայանա մեզի, իբրև մնացորդը Սադանայի բնակչության, մեծ փոթորիկե մը ետքը խաղաղացած ծովու, մոայլ հանդարտությունը ունի անիկա, իր խորքերուն մեջ ծածկված է ցավը ու անմխիթարելի վիշտը ու այդ ցավը երբեմն մակերեսը կբարձրանա, ապրելու, վերածնելու հույսը սպանված է իրենց մեջ, և եթե Անոթությունն ու Ծարավը չզարթնեցներ զիրենք այդ ընդարմացումեն՝ կյանքը միանգամ ընդմիշտ մարած կըլլար արդեն:
Անոնք լուռ կմնան երկար ատեն, կարծես հետևելով իրենց հիշատակներու շարքին, հակառակ իրենց մղված անոնց քստմնելի ընթացքեն ու սրտագին հառաչանքներ կարծես կուրծքերնին պատռելով կարձակվին՝ «Ամա՜ն…»
Երբեմն ալ կուլան հեկեկալով, երեսնին ողողված մեկ րոպեի մեջ այնպիսի արտասուքի հորդ ժայթքումով մը, որ գանգատի ու տրտունջի խոսքերը կխեղդվին. ու դեմքերը, արևի տակ աշխատութենեն թխացած ու չորացած դեմքեր, կակոսվին դժնդակ խորշոմներով, ահավոր ծամածռություններով ու ամբողջ ամբոխը բռնված իր անմխիթարելի վշտի տագնապեն՝ կգալարվի հուսահատորեն: Ու կարելի չէ երևակայել, թե մեն մի անհատը այդ ամբոխին, ցավի ի՜նչ գումար մը կներկայացնե:
Արդարև, կարելի չէ ըմբռնել և զգալ մեկ անգամեն ահավոր իրականությունը. անիկա մարդկային երևակայության սահմանեն դուրս կմա. անոնք, որ ապրած են զայն՝ չեն կարող նաև պատմել իր ամբողջությանը մեջ. ամենքն ալ կթոթովեն, կհառաչեն, կարտասվեն և կցկտուր եղելությունները կներկայացնեն միայն: Հուսահատությունն ու սարսափն այնքան մեծ եղած էր, որ մայրերն իրենց զավակները չէին ճանչնար, անդամալույծ և կույր պառավներ մոռացվեցան հրդեհված տուներու մեջ. վայրագ և արևին ծարավի խուժանի մը դիվային քրքիջները մտիկ ընելով՝ մարդիկ մեռնելե առաջ կխելագարվեին, կտրտած անդամներ ու տղու մարմիններ դեռ ցավով ու կյանքով բաբախուն ոտքերու տակ կճզմվեին, մեկ կողմե հրացանի, մյուս կողմե կրակի մեջ բռնված՝ դպրոցներն ու եկեղեցիներն ապաստանող խելակորույս տղաքը, կիներն ու վիրավորները իրարու փաթթված՝ կածխանային…:
Ո՛չ այս պատմությունները սակայն, ո՛չ այդ մոխիրներուն մեջ խլրտացող տարտամ հայությունը, ո՛չ ցավոտ և շվարուն աչքերով ու սարսափի արբեցութենեն դեռ չի սթափածի երևույթով որբերը, ոչ անմխիթարելի կորուստով գալարված մարմիններն այրիներուն, ո՛չ դեռ արյունոտ և ցավագին վերքերն անդամահատվածներուն, չեն կարող մեզի պատկերացնել տալ իր իսկական ու մռայլ մեծությամբ ինչ որ պատահած է այդ դժոխային օրերուն մեջ:
Անձկալի ու արհավրալից աչքերու մեջ է որ, երբեմն, մեկ րոպե կկարծեմ ընդնշմարել զայն. ո՜հ այդ աչքերը․ կան, որ կուրացած և հրաժարած կթվին ընդմիշտ արևին ուրախութենեն ու անհատակ վիհի մը պես պարապ կերևին. կան, որ կնային քեզի ու չեն տեսներ, որովհետև անջնջելի կերպով մեկ պատկեր դրոշմած է իրենց տեսողության սահմանին մեջ. կան, որ պահած են քստմնելի բոցերուն ռիթմն իրենց նայվածքին մեջ ու կան, որ հարաշարժ բիբերով արյունի և կրակի տեսարաններու հաճախումեն տանջված բիբերով, կարծես կուրնալու և խաղաղության կտենչան:
Այդ ամբոխին մեջ է, որ երևեցավ ինծի ցավատանջ երևույթը՝ Միսաքի մորը, որ կախված տղան մղձավանջեն հալածված, կուրծքը ծեծելով, ցնցոտիները պատռելով՝ գովասանքը կըներ իր նահատակված տղուն ու արցունքի ծարավի կգոչեր. «Աչքերս չորցած աղբյուր դարձան… տղաքնե՜րս… սրտիս կրակեն չորցա… տղաքներս… ամա՜ն…»:
Հոն տեսա մայրեր, որ իրենց գավակները խեղդած էին՝ անոնց մանկական ճիչերեն չմատնվելու համար իրենց թաքստոցին մեջ, հոն տեսա կիներ, որ անդամալուծված, լեզունին շրթներուն վրա կախված, անկարող էին իրենց սրտին ցավը գոչելու, հոն տեսա խելագարվածներ, որ փոխանակ մոռնալու, սոսկալի վայրկյանը կապրեին շարունակաբար, տեսա, որ հալածված էին իրարու ետև ընկնող սիրելիներու հիշատակով ու չգիտեին, թե որո՞ւ վրա լան… «Շուտով դրին հոն, քովե քով, ու զարկին, զարկի՜ն, զարկի՜ն ու ամենքն ալ սանկ երերացին մեկ մը ու ինկա՜ն… ու անոնք իմ հայրս, իմ ամուսինս ու տղաքներս էին, և ես հիմակ մենակ եմ, վերաններու վրա մնացած բուին պե՜ս… ախ…»:
Երբեմն անտարբեր կթվին, կարծես քարացած իրենց վշտին սաստկության մեջ. հանդարտ դեմքով մը՝ որուն վրա նյարդ մըն իսկ չի շարժիր՝ կպատմեն ահավոր եղելություններ, իրենց յուրաքանչյուր բառը՝ հոսած արյուն է. ու հանկարծ կկենան, աչքերնին կբոցավառի հիմարական փայլով մը, ի՞նչ կպատկերանա իրենց մտքին… ու կպոռան ինքզինքնուն ելած՝ կառչելով մեր հուզմունքին, օգնություն խնդրելով մեր արցունքներեն, մեր զգացումներու մերձավորութենեն…
Ավերակ քաղաքին մեջ… ավերակ սրտերուն մեջ… ամեն բան փչացած է. հիմարացած գեղջկուհիի մը շարժումը կուրվագծվի մտքիս մեջ, որ համադրելով բոլոր իրենց գեղին պատահածը, ձեռքովը լայն շարժում մը կընե ու կըսե, կկրկնե մեքենաբար. «Կուզես հավատա՛, կուզես մի՛ հավատար, ամեն բան մաֆ է, մա՜ֆ…»:
Ու ինչ-որ անկանգնելի ու անդարմանելի կթվի այս անսահմանելի աղետին մեջ, մոխրացած տուները, քանդված այգիները չեն, ոչ ալ մեռնողներու թվին մեծությունը, այլ այն ջլատիչ ներքին զգացումը, որ կծածանի ամենուն աչքերուն մեջ, ողորմելիորեն, հուսահատորեն և այդ՝ ոտքի տակ գացած, բիրտ ներբաններու տակ ճզմված ժողովուրդի մը զգացումն է: Այն գլուխները, որ լույսի և ազատության ծարավի, պահ մը բարձրացած էին մարդկորեն, ջախջախված են հիմա աններող անգթությամբ մը: Այս մտածումովը տանջված կնայիմ քանդված քաղաքին վրա՝ որուն մոխրակույտերն ահավոր և տարբեր նշանակություն մը կստանան ու ահավասիկ սակայն այս չարաբաստիկ ամլության ու հուսահատության մեջ հույսի ժպիտ մը կծաղկի…:
Ավերակներու մեջ, կես մը փլած պատերու շուքին տակ կիներ ապաստանած են ու օրորան մը՝ մեկ պատեն մյուսը ձգված, կտատանի մեղմորեն: Ո՞վ գիտե. ինչ-որ մեր ցավի սաստկությունը անկարելի կներկայացնե՝ թերևս կարելի ըլլա ժողովուրդի վերածնության անխոնջ ու անգիտակից հանճարին համար: Որովհետև այդ թշվառ տղու անշուք օրորանը, ընդհանուր ու մեծ դժբախտությանն անտարբեր՝ կյանքի անհաղթելի ձգտումովը զորավոր, կտանի այս հսկայական գերեզմանի վրա՝ արհամարհելով թե՛ գետնաքարշ թշվառությունը նահատակված Ժողովուրդին, թե՛ ճիվաղային բրտությունը ոճրագործներուն: